ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, հանդիպում ունեցել տեղացիների հետ։
«Ինչ-որ մի տեղ մեր նահանջը պետք է կանգնի, Աստված տա Ոսկեպարում մեր նահանջը կանգնի»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նա նշել է, որ ամեն մեկս մեր տեղում աշխատում ենք, որպեսզի խրամատները, մեր սահմաններն ապահով լինեն։
«Այստեղ եկել ենք, որպեսզի ձեր ձեռքը բռնենք և ասենք ՝շնորհակալություն, պատրաստ ենք այստեղ լինել նաև ֆիզիկապես։ Եկել ենք՝ ոչ թե մեզ ցույց տալու, այլ ձեզ մենակ չզգալու համար, որ Բագրատ Սրբազանն իրեն մենակ չզգա։ Ես քանիցս ասել եմ՝ սա միայն ոսկեպարցու հարցը չէ, շվանիձորցու, Ամասիայի ամենավերջին գյուղի գյուղացու հարցն էլ է, ցանկացած հայի հարց է։ Այս պահին ֆրոնտն այստեղով է անցնում, ուրեմն մեր ջանքները պետք է կենտրոնացնենք այստեղ։ Այստեղ լուծեցինք, անցնելու ենք հաջորդին։ Ինչ-որ մի տեղ մեր նահանջը պետք է կանգնի, Աստված տա Ոսկեպարում մեր նահանջը կանգնի»,–ասել է նա։
Սրբազանը կոչ է արեց ոսկեպարցիներին հավատքը չկորցնել։
«7-րդ դարի եկեղեցին այստեղ կանգնած աղաղակում է՝ ինձ մենակ չթողնեք։ 7-րդ դարից կանգնած պահում եմ, ինձ չթողնեք»,–ասել է նա։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը մի խումբ մարդկանց հետ արդեն 3 շաբաթ է ինչ տեղափոխվել են Ոսկեպար և ապրում է ոսկեպարցիների կողքին։ Ավելի վաղ նրանք հայտարարել են, որ ստեղծված համազգային և համապետական ճգնաժամի հաղթահարման այս պայքարում ներգրավված են տարբեր ոլորտի մասնագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ և այլևս չպետք է լինեն կուսակցական շահեր, քաղաքական նախընտրություններ։