AM
16 April 2024 - 07:55 AMT

ՔՊ-ական պատգամավորի հետ տրանսպորտում միջադեպից հետո առերևույթ խուլիգանության հատկանիշով ձերբակալված կա

ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևանում, հասարակական տրանսպորտում կատարված առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2024թ․ ապրիլի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ նույն օրը, ժամը 14.10-ից մինչև 14.30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Ագաթանգեղոս փողոց ընկած հատվածում, երթուղային տրանսպորտում, անհայտ անձը վիրավորական արտահայտություններ է արել և հնչեցրել սպառնալիքներ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին՝ իրեն թույլ տալով հակահասարակական վարքագիծ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, ինչպես նաև հասարակական վայրում կատարել է քաղաքական ուժի նկատմամբ թշնամանք տարածող արտահայտություններ։

Ստացված հաղորդման հիման վրա, նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործություններ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթը:

Ապրիլի 15-ին` ժամը 17:15-ին, վերոնշյալ խուլիգանական արարքներն առերևույթ կատարելու կասկածանքով Ոստիկանություն է տարվել Երևան քաղաքի բնակիչ Ս․ Վ․-ն, ով նույն օրը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ս․ Վ․-ին ձերբակալելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ տրանսպորտով երթևեկող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին մի երիտասարդ վիրավորում է և խանգարում է իջնել տրանսպորտից։ Երիտասարդը հեռախոսի տեսախցիկը ուղղում է դեպի Ասլանյանի կողմը ու ասում՝ «մարդամե՞ջ եք հելնում, սա նիկոլական վիժվածք է»: Հակոբ Ասլանյանը միջադեպի առթիվ հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան տելագրամյան իր ալիքում գրել էր, որ այդ «խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»: