AM
16 April 2024 - 13:30 AMT

Oգոստոսի 3–ը՝ եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր ՀՀ-ում

Oգոստոսի 3–ն այսուհետ Հայաստանում կլինի 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ազգային ժողովն ընդունել է նախագիծը հատուկ ընթացակարգով՝ երկրորդ և վերջնական ընթերցմամբ։

Նախագիծը ներկայացրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Բաքոյանը նշել է, որ, որ սա առաջին դեպքն է, երբ որևէ պետություն իր համապատասխան օրենքում ամրագրում է եզդիների ցեղասպանությունը որպես հիշատակի օր:

«Ցեղասպանությունը հանցանք է մարդկության դեմ, ընդ որում՝ ամենամեծ հանցանքն է: Սա ոչ ճիշտ և ոչ պատշաճ դատապարտման ուղիղ արդյունք է և ուղիղ հետևանք՝ 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության: Հայերի և եզդիների ճակատագրերը բավականին նման են իրար, և մեր ճակատագրերը միշտ խաչվել են: Մենք պատմության տարբեր թատերաբեմերում միշտ հանդիպել և հայտնվել ենք նույն իրավիճակներում: Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման գործընթացում իր որդեգրած քաղաքականությանը և առաջնահերթությանը, 2014 թվականին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից դատապարտեց Իրաքում եզդիների ցեղասպանությունը: 2015 թվականին եզդիների ցեղասպանությունն Իրաքում դատապարտեցին ՀՀ ԱԺ խմբակցությունները, իսկ 2018 թվականին՝ ՀՀ Ազգային ժողովը»,-ասել է նա։

Բաքոյանը հայտնել է, որ 21-րդ դարում՝ 2014 թվականին, աշխարհի աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, որը դեռևս շարունակվում է. ավելի քան 2600 կանայք և աղջիկներ գտնվում են իսլամիստների ձեռքում, և անհայտ է նրանց ճակատագիրը, հարյուր հազարավոր եզդիներ էլ դեռևս գտնվում են ճամբարներում:

Հարակից զեկույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Հաշվի առնելով հայ և եզդի ժողովուրդների եղբայրական հարաբերությունները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հավատամքը ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային պայքարում՝ առաջարկում եմ կողմ քվեարկել նախագծին»,- ասել է նա:

Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ ներկայացրել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

2014-ի օգոսոտոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Իրաքյան Քրդստանի ռեգիոնալ կառավարության թողտվությամբ հարձակվեց եզդիական Սինջար շրջանի վրա ՝ եզդիների հայրենիքում ցեղասպանության ենթարկելով վերջիններիս: