Դադիվանքը, որտեղից մի քանի օր առաջ հեռացել են ռուս խաղաղապահները, որոնք այնտեղ էին տեղակայվել 44–օրյա պատերազմից հետո՝ պաշտպանելու հայկական կոթողը, հայտնվել է վտանգի տակ՝ Բաքուն հայտարարել է, թե քայլեր է ձեռնարկելու իբր «հայերի վանդալիզմի հետ կապված»։
Դեռևս 2023–ի մայիսին Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին հայտարարել էր, թե հայ հոգևորականները պետք է հեռանան Դադիվանքից, քանի որ «կապ չունեն այդ վանքի հետ»։ Նա ասել է, թե վանքը դասվում է Կովկասյան Աղվանքի հուշարձաններին և որ աղվանա-ուդիական քրիստոնյա համայնքը «վաղ թե ուշ կլուծի այդ հարցը»։
Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան ասել է, թե անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվելու՝ Դադիվանքում «հայերի կողմից իրականացված վանդալիզմի հետ կապված», հայտնում է APA-ն։
Նա նաև հավելել է, թե «Ղարաբաղի բոլոր հուշարձանները Ադրբեջանի մշակութային և պատմական ժառանգության մասն են կազմում, և այդ հուշարձանների պահպանությանն ուղղված և այլ անհրաժեշտ ընթացակարգեր կիրականացվեն»,- ասել է նա;
Հաջիևան նաև հայտարարել է հայկական Ամարասում «դիտարկում անցկացնելու մասին»։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախում գտնվող Դադիվանքի հայկական միջնադարյան վանական համալիրի «պաշտպանությունը ռուս խաղաղապահները փոխանցել են Ադրբեջանի ոստիկանությանը»։