Ապրիլի 22–ի առավոտից Ոսկեպարի սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ականազերծման աշխատանքներ են ընթանում, որոնց պատճառով լարված իրավիճակ էր ստեղծվել։
Վաղ առավոտից եկեղեցու մոտ էին հավաքվել քաղաքացիներ, որոնք զինվորականներին հորդորում էին եկեղեցու տարածքը չականազերծել, քանի որ այն թշնամու դիվերսիոն խմբերի ներթափանցումը կանխարգելելու նպատակ ունի, հայտնում է Panorama.am-ը։
Ոստիկանությունը բնակիչների թույլ չէր տալիս մոտենալ եկեղեցուն՝ փաստարկելով նրանց անվտանգությունը։ Սակայան, 15։00–ի դրությամբ ոստիկանությունը քաղաքացիներին թույլ է տվել մտնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բնակիչներն ասում էին, որ պաշտոնական հայտարարությունները հակասում են երկու օր առաջ իրենց գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածներին։
ՀՀ և Ադրբեջանի սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: