Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն իր ամբողջական զորակցությունն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին և ընդհանրապես Սուրբ Էջմիածնի Մայր աթոռին՝ հայրենանվեր կեցվածքի և կատարած աշխատանքների համար: Այդ մասին նա ասել է Գարեգին Բ–ի հետ ապրիլի 30–ին ունեցած հեռախոսազրույցում, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։
Նրանք անդրադարձել են Հայաստանին հուզող խնդիրներին ու տագնապալից իրադրությանը։
«Վեհափառ Հայրապետները վերաշեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը և այս ուղղությամբ հայ եկեղեցու անխախտ հանձնառությանը: Միաժամանակ, Հայրապետները ընդգծել են հայ ժողովրդի ներքին միասնականությունն ամրապնդելու անհրաժեշտությունը, հատկապես ներկա տագնապալից օրերում»,–ասվում է հաղորդագրության մեջ։