AM
3 May 2024 - 08:09 AMT

Ուկրաինայի ԱԳ նախարար․ Միրզոյանի հետ պայմանավորվել ենք քաղաքական խորհրդակցություններ անցկացնել

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ պայմանավորվել են քաղաքական խորհրդակցություններ անցկացնել։

Նա նաև ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնությունը:

«Զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Քննարկել ենք Ուկրաինայում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի դինամիկան: Ես ողջունել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնությունը։

Մենք պայմանավորվել ենք արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ», –ասվում է գրառման մեջ։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։