AM
6 Մայիս 2024 - 06:29 AMT

Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա

Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում:

Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։

ՀՀ–ն և Հունգարիան վերջերս են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին 2012–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, որն այնտեղ ցմահ ազատազրկման էր դատապարտվել։ 44–օրյա պատերազմից հետո Հունգարիան նպաստեց 5 հայ գերու վերադարձին ՀՀ, որից հետո 2022–ի դեկտեմբերին հայտարարվեց հարաբերությունները վերականգնելու մասին։

Ըստ որոշ հրապարակումների, այժմ Հունգարիան արգելափակել է ՀՀ–ին Եվրոպայի հիմնադրամի կողմից աջակցության տրամադրումը՝ պնդելով, որ Ադրբեջանին էլ գումար հատկացվի։