Մայիսի 10–ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դեպի Երևան առաջնորդած Բագրատ սրբազանը հայտարարել է, որ մայիսի 11–ին մայրաքաղաքում նախատեսվում են անհնազանդության ակցիաներ, հրանրահավաք չի լինի։ Հաջորդ հանրահավաքը կայանալու է մայիսի 12–ին` ժամը 18։30–ին։
Հանրահավաքում ունեցած իր ելույթում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասել է, որ մայիսի 10–ի հանրահավաքում բարձրաձայնել են ժողովրդի պահանջը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։
Սրբազանը ներկայացրել է համազգային շարժման հետագա անելիքները՝ Փաշինյանի հրաժարականին հասնելու ճանապարհին։
Դիվանագետների նորաստեղծ խորհրդին սրբազանը հորդորել է մշակել և կազմել սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունների հստակ հայեցակարգ, որպեսզի այն հանրայնացվի և մարդիկ հստակ համեմատության մեջ հասկանան՝ ինչ է առաջարկվում իրենց՝ եղածի համեմատ, հայտնում է Aysor.am-ը։
Պահեստազորի սպաներին Բագրատ սրբազանը հորդորել է, որ պետական անվտանգության բարձրացման, անվտանգային համակարգի հայեցակարգ ներկայացնեն։
«Երրորդ քայլը ձերն է, ժողովուրդ, առաջիկա օրերին, մինչև մյուս ուրբաթ, բոլորդ խաղաղ, բարեկիրթ զրույցներ անցկացրեք ՔՊ անդամների հետ։ Առանց հայհոյանքի, ագրեսիայի։ Շատ կարևոր է, որ կարողանանք բացատրական աշխատանքներ տանել։ Սա սկիզբն է, վերջը չի։ Համբերությամբ, ինքնավստահությամբ, փոխադարձ վստահությամբ զինված՝ քայլ առ քայլ առաջ ենք գնալու»,- ասել է Սրբազանը։
Ուրբաթ օրը՝ մայիսի 17–ին է նախատեսվում իմպիչմենտի ներկայացումը Ազգային ժողովում։
Ակտիվ քննարկումներ են ընթանում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների հետ, սակայն նրանց ձայները բավարար չեն գաղափարն իրականացնելու համար։ իմպիչմենտի գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի 1/3–ի` 36 պատգամավորի ստորագրություն։ Ընդդիմությունն ընդհանուր առմամբ ունի 35 պատգամավոր, ինչը նշանակում է, որ նրանց ևս մեկ պատգամավոր է պետք։
Ընթացակարգը սկսելու համար ընդդիմությունը պետք է ներկայացնի վարչապետի իր թեկնածուին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասել է, որ ձևաթուղթը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում պետք է հավաքվի անհրաժեշտ 36 ստորագրությունը, ապա 48-72 ժամվա ընթացքում քվեարկություն անցկացվ, գրում է Sputnik Արմենիան։
Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: