Էջմիածնից 6 անձ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով։ Այդ մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է «Ազատությունը»։
Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը հաղորդել էր, որ իրենց տեղեկություններով՝ «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամները, ովքեր պատրաստվում էին դիմավորել Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցելող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:
Նշված էր, որ ձերբակալվածների մոտ արդեն ուղևորվում են փաստաբանները։
Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» դաշինքն իր աջակցությունն է հայտնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։
Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։
Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։