Եվրամիության խորհրդում շարունակվում են քննարկումները Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին միջոցներ տրամադրելու շուրջ։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նա այդպես է պատասխանել այն դիտարկմանը, թե Հունգարիայի վետոյի պատճառով ԵՄ-ն մերժեց Հայաստանին անվտանգային աջակցություն ցուցաբերել Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներով, և արդյոք ԵՄ-ն Հայաստանին աջակցելու գործընթաց նախաձեռնելու ևս մեկ փորձ կանի կամ ԵՄ-ն քննարկո՞ւմ է այլընտրանքային խողովակներով Հայաստանին աջակցելու հարց, հայտնում է Արմենպրեսը։
«ԵՄ խորհրդի նիստի ժամանակ մենք անդամ պետությունների հետ քննարկեցինք, թե ինչպես աջակցել Հայաստանի դիմակայունությանը, ինչպես աջակցել այն կարիքներին, որոնք Հայաստանն է ձևակերպել անվտանգության բնագավառում: Այդ պահին ԵՄ անդամ պետությունները պայմանավորվեցին քննարկել երկու հնարավորություն: Նախ ոչ մահաբեր աջակցություն ցուցաբերել Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով, ինչպես նաև ավելացնել ԵՄ դիտորդական առաքելության անդամների թիվը: Դիտորդական առաքելության հարցում մենք խոստումը կատարում ենք, նոր դիտորդները տեղակայման փուլում են: Ինչ վերաբերվում է ԵՄ խաղաղության հիմնադրամին, քննարկումները շարունակվում են խորհրդում»,- ասել է Մարագոսը։
ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը։
2024-ի ապրիլին հայտնի դարձավ, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու շուրջ։ Ըստ «Ազատության», Եվրամիությունը նախատեսում է Երևանին 10 միլիոն եվրո հատկացնել, որը պետք է ծախսվի 30 ամսվա ընթացքում։ Սակայն, ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հունգարիան արգելափակում է որոշումը՝ պահանջելով, որ Ադրբեջանին ևս միջոցներ տրամադրվեն։
Հայաստանն այս հիմնադրամից օգտվելու հայտ էր ներկայացրել 2023–ին։ Ֆրանսիայի արտգործնախարարն իր հերթին, անցած հոկտեմբերին, ժամանելով Երևան, հայտարարել էր, թե անձամբ է այս հարցով դիմել Եվրամիության արտգործնախարարին: Եվրամիության այս հիմնադրամը ստեղծվել է 2021-ին։ Նպատակն է միջոցներ տրամադրել, որոնցով կգնվեն ոչ մահաբեր զինատեսակներ կամ կարողություններ՝ աշխարհի տարբեր ծայրերում խաղաղությանը նպաստելու, հակամարտությունները կանխելու և միջազգային անվտանգությունն ամրապնդելու համար։