Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է․ համաշխարհային պրեմիերան կայանալու է մայիսի 28-ին։
Առաջին հիբրիդային Porsche 911 սպորտային ավտոմեքենան մեկնարկային փուլում է: Մշակման և թեստավորման լայնածավալ ծրագրից հետո բարձր արդյունավետությամբ հիբրիդային տեխնոլոգիայով նոր 911 մոդելը պատրաստ է սերիական արտադրության:
Ավելի քան 5 մլն կիլոմետր փորձարկման ճանապարհ

«Մեր լեգենդար ավտոմեքենայի 61-ամյա պատմության մեջ առաջին անգամ մենք համալրում ենք 911 մոդելը հիբրիդային շարժաբեր համակարգով: Այս նորարարական հիբրիդային համակարգը 911-ը դարձնում է ավելի դինամիկ։
Մշակման ընթացքում մենք ոչինչ չենք թողել բախտի քմահաճույքին և նոր 911-ը թեստավորել ենք տարատեսակ պայմաններում ամբողջ աշխարհով մեկ՝ Էքստրեմալ ցրտից մինչև կիզիչ շոգ, ինչպես օրինակ՝ Դուբայում անցնող փորձարկման եզրափակիչ փուլերում: Անկախ նրանից՝ դա փոխհաղորդակի մեծ բեռնվածությունն էր լեռնանցքները հաղթահարելու դժվարին պայմաններում, թե խցանումներն էին քաղաքային երթևեկության պայմաններում, նոր 911-ը գերազանց դիմակայեց իր առջև դրված անգամ ամենաբարդ մարտահրավերներին: Ընդհանուր առմամբ, մեր ինժեներներն ու փորձարկող վարորդները թեստավորման փուլում անցել են ավելի քան հինգ միլիոն կիլոմետր»,– նշել է Ֆրենկ Մոզերը, 911 և 718 մոդելային շարքերի գծով փոխնախագահը։
Նյուրբուրգրինգի վազքուղու վրա 8.7 վայրկյանով ավելի արագ` քան նախորդ մոդելը

911-ի մշակման փուլում մեծ նշանակություն ունեին փորձարկումներն ու կարգաբերումները Նյուրբուրգրինգի «Հյուսիսային օղակ» կոչվող հատվածում: Փորձարկումների ժամանակ Porsche ապրանքանիշի դեսպան Յորգ Բերգմայստերը շրջանն անցել է 7:16.934 րոպեում՝ 8.7 վայրկյանով ավելի արագ, քան նախորդ մոդելի համապատասխան տարբերակի դեպքում: Թեստ-դրայվի մեքենան համալրված էր ճանապարհային ստանդարտ անվադողերով, ինչպես նաև աերոդինամիկ որակները բարելավող՝ ֆիքսված հետևի հակաթևով, որը որպես օպցիա հասանելի է մոդելների մի քանի սերունդների համար և բարձր արագությունների ժամանակ ավելացված սեղմումային ուժ է ապահովում:
«Նոր 911-ը մրցուղու վրա զգալիորեն ավելի արագ է դարձել։ Մենք ունենք ավելի լավ կցորդում ճանապարհածածկի հետ, զգալիորեն ավելի մեծ հզորություն, իսկ բարձր արդյունավետությամբ հիբրիդային համակարգի` ավելի ինքնաբերական արձագանքը հսկայական առավելություն է», – նշել է Բերգմայստերը:
Հեռարձակումը՝ Porsche Newsroom-ում

Նոր Porsche 911-ի համաշխարհային պրեմիերայի հեռարձակումը կարելի է դիտել մայիսի 28-ին, ժամը 15:00-ին (CEST) Porsche Newsroom-ում, ինչպես նաև Porsche-ի YouTube և LinkedIn ալիքներով: Հետագայում այն հասանելի կլինի նաև դիտման համար: