AM
20 May 2024 - 07:02 AMT

Փարիզում քննարկվել են Կասկադի ամբողջական կառուցման և Նորագյուղի հայեցակարգային առաջարկները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը, որը Ֆրանսիայում էր մայիսի 15-19–ը, այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև WILMOTTE & ASSOCIÉS ARCHITECTES ճարտարապետական կազմակերպության հետ, հանդիպել ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտին, որը ճարտարապետների խմբի հետ Երևան էր այցելել վերջերս՝ տեղում ծանոթանալու «Կասկադ» համալիրի ու Նորագյուղ թաղամասի տարածքներին:

Ճարտարապետը քաղաքապետին է ներկայացրել քաղաքաշինական երկու խոշոր ծրագրի հայեցակարգային առաջարկները:

Անդրադառնալով Կասկադի ամբողջական կառուցմանը` Ավինյանը նշել է, որ ավարտուն տեսքի երկու նախագիծ է քննարկվում, և դրանք երկուսն էլ կներկայացվեն երևանցիների դատին, կդրվեն հանրային քննարկման:

Նորագյուղ թաղամասն էլ դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը, ինչը ոչ միայն հնարավորություն կտա համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին:

Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ դրել Կոմիտաս վարդապետի հուշարձանին։

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին և պատվիրակության կազմում գտնվող ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին, «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին, «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանին ու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանին:

Ողջունելով հյուրերին՝ Փարիզի փոխքաղաքապետն ընդգծել է, որ երկու մայրաքաղաքները չափազանց սերտ են, ինչի արդյունքում էլ արդեն իսկ կան շատ կարևոր ծրագրեր, որոնք դարձել են իրականություն: Անուշ Թորանյանը նաև նշել է, որ Երևանի և Փարիզի համագործակցությունը ոչ միայն մշտական է, այլև անհաղթելի: