Մեկնարկել է Տավուշի մարզի Կիրանցի այլընտրանքային՝ Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը։ Այդ մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից՝ այլ մանրամասներ չփոխանցելով, տեղեկացնում է Factor.am-ը։
Մայիսի 15-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և ստորագրել են Բաղանիս-Բաղանիս-Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց -Խեյրեմլի, Բերքաբեր- Կըզըլ Հաջըլի գյուղերի սահմանային հատվածների արձանագրություն-նկարագրությունը:
Վարչապետի աշխատակազմը մանրամասներ էր հրապարակել ստորագրված փաստաթղթի վերաբերյալ՝ որպես լավ լուր ներկայացնելով այն, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Վարչապետի աշխատակազմից չէին հերքել, որ ճանապարհի տեղափոխման խնդիր առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Վարչապետի աշխատակազմից նաև տեղեկացրել էին, որ կհիմնանորոգվի նաև Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը:
Մինչդեռ կիրանցեցիները դժգոհ են պայմանավորվածությունից։ Նրանք տարակուսած են, թե ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմը որպես նպաստավոր լուր արձանագրել, թե Կիրանցին վերադարձվում է մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, այն դեպքում, որ այդ ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ։