AM
20 May 2024 - 13:40 AMT

ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով

Արդարադատության նախարարությունը, արձագանքելով սահմանադրական իրավունքի փորձագետ Վարդան Պողոսյանի պնդմանը, թե սահմանազատման հետևանքով Ադրբեջանին անցնող տարածքները պատկանում են ՀՀ–ին, քանի որ կադաստրի կոմիտեն իրավունքի գրանցման վկայականներ է տրամադրել Կիրանցի բնակիչներին, հայտարարել է, որ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա։

Մայիսի 17-ին «Ազատություն ռադիոկայանը» հրապարակել է «Ադրբեջանին են անցնում դե յուրե ՀՀ տարածքներ. սահմանադրագետ» վերտառությամբ տեսանյութ, որում սահմանադրագետ Վարդան Պողոսյանը մի շարք թեզեր են հնչեցրել։

Արդարադատության նախարարությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող է անվանել և ներկայացրել է իր հակափաստարկները։

«Համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս»,- նշված է հայտարարության մեջ։

ԱՆ-ից արձագանքել են Պողոսյանի նաև մեկ այլ դիտարկմանն՝ այն մասին, որ պետական սահմանը կարող էր սահմանազատվել միայն ամբողջ սահմանի վերաբերյալ համաձայնության հասնելուց հետո՝ միջազգային պայմանագրի հիման վրա։

«Իրականացվող գործընթացն իրենից ներկայացնում է պետական սահմանի վերարտադրության, այլ ոչ թե նոր սահմանի գծման գործընթաց։ Ներկայումս 1969թ․ ՀԽՍՀ և ԱԽՍՀ ԳԽ նախագահությունների որոշումներով հաստատված փաստաթղթերի և դրանց հիման վրա կազմված քարտեզներով առաջնորդվելով՝ վերարտադրվում է երկրների միջև ԽՍՀՄ տարիներին փոխհամաձայնեցված սահմանը՝ Ալմա Աթայի հռչակագրով փոխհամաձայնեցված սկզբունքների հիման վրա։ Հարկ է նկատել նաև, որ երկու երկրների հանձնաժողովների 2024 թվականի ապրիլի 19-ի հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությամբ մատնանշված է, որ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը: Իսկ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Հետևաբար իրականացվող գործընթացն ամբողջությամբ իրավաչափ է: Իրականացվող գործընթացի շրջանակում առաջիկայում նաև երկու հանձնաժողովները կհամաձայնեցնեն հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը և կներկայացնեն խորհրդարանների հաստատմանը»,–ասվում է ԱՆ հայտարարության մեջ։

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, պատասխանելով սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին հարցերին, նշել է, որ Տավուշում 25 հեկտար հողերը կվերադարձվեն Կիրանցին, և որ ճանապարհի տեղափոխման խնդիր կա։ Նշվել է նաև, որ սահմանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ։

Մինչդեռ կիրանցեցիները դժգոհ են պայմանավորվածությունից։ Նրանք տարակուսած են, թե ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմը որպես նպաստավոր լուր արձանագրել, թե Կիրանցին վերադարձվում է մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, այն դեպքում, որ այդ ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ։