Ազգային ժողովը մայիսի 21–ին իր աշխատանքը մեկնարկել է` մեկ րոպե լռությամբ հարգելով ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հիշատակը։
Հայաստանում Իրանի դեսպանությունը հայտնում է, որ կառույցում կբացվի Սգո մատյան, որտեղ հնարավոր կլինի գրառում կատարել. մայիսի 22-ին՝ 10:00-12:00-ը և 15:30-17:30-ը, հինգշաբթի՝ 10:00-13:00-ը:
Բացի այդ, մայիսի 23-ին՝ ժամը 18:30-ին, Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների, հայտնել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը։
Միաժամանակ Թավրիզում ընթանում է Ռայիսիի և մյուս զոհերի հուղարկավորության արարողությունը, որը կտևի երեք օր։ Մայիսի 22-ի երեկոյան Թեհրանում զոհերի հիշատակության արարողությանը ներկա կլինեն նաև օտարերկրյա պաշտոնյաներ։ Հայաստանից մասնակցության մասին տեղեկատվություն դեռևս չկա։
Իրանում 5 օրյա սուգ է հայտարարված։ Աշխարհի 8 երկրում ևս սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ՝ Իրաքում, Լիբանանում, Պակիստանում, Սիրիայում, Հնդկաստանում, Տաջիկստանում և Թուրքիայում։
Ռայիսիի հրաժեշտի արարողությունն ու հուղարկավորությունը տեղի կունենան մայիսի 23-ին Մաշհադում:
Ռայիսին, Աբդոլլահիանը և պատվիրակության մյուս անդամները զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով` Ադրբեջանի հետ սահմանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից վերադառնալիս։ Ուղղաթիռում են եղել նաև Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և անվտանգության մեկ աշխատակից։ Բոլորը զոհվել են։