AM
21 May 2024 - 14:02 AMT

Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել

«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել։Նման որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։

«Դատարանը գտնում է, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցները փետք է փոփոխվեն, և խափանման միջոց է ընտրվում վարչական հսկողությունը»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Միևնույն ժամանակ դատավորը հայտարարել է, որ վարչական հսկողության մեջ գործողությունների սահմանափակում է կիրառվում` կապված «Իմնեմնիմի» հաղորդումը չվարելու հետ։

«3 ամիս ժամկետով դուք չեք կարողանալու այդ հաղորդումը վարել, հետագայում միգուցե դա վերանայվի։ Եվ ոչ միայն այդ հաղորդումը, այլ նաև նմանատիպ այլ հաղորդումներ։ Չստացվի` անունը փոխվի»,– ասել է նա։

Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ Սաղաթելյանն ու Սամսոնյանը չեն կրկնի իրենց վարքագիծը` շեշտելով, որ հակառակ դեպքում դատարանը կաշկանդված չէ խափանման միջոցի հարցը նորից քննարկելու հարցում։

Մարտի 22-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցներն ավտոկայանատեղիում մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին էին տապալել Նարեկ Սամսոնյանին, ապա ձերբակալել նրան։ Այնուհետև իրավապահները գնացել էին նաև Վազգեն Սաղաթելյանի տան մոտ և դատարանի որոշումը ներկայացնելուց հետո ձերբակալել նրան։ Նրանց մեղադրանք է առաջադրվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։

Նարեկ Սամսոնյանն ու Վազգենը Սաղաթելյանն ազատությունից զրկվել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կոշտ բառապաշարով քննարկելուց հետո։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվել է, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ ՀՀ–ն` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: