AM
29 May 2024 - 06:56 AMT

Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը սբ Աննա եկեղեցու մոտ հավաքվածներին ասել է, որ պատրաստվում է գնալ Ներքին գործերի նախարարություն` որոշ բացատրություններ ստանալու։ Հավաքվածները երթով շարժվել են դեպի ՆԳՆ։

Դեռևս մայիսի 28-ին Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ մայիսի 29–ին առանձին անհնազանդության ակցիաներ չեն լինելու, միասին պետք է լինեն ու անելիք ունեն։ Արձագանքելով Բագրատ սրբազանի կանչին` բազմաթիվ քաղաքացիներ եկել են հավաքի վայր։ Այստեղ են նաև մշակույթի և հանրային գործիչներ, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ, զոհված զինծառայողների ծնողներ և այլն։

«Մայիսի 28–ի Սարդարապատի խուլիգանությամբ, Վեհափառ Հայրապետին ու հոգևորականներին փորձելով արգելափակել, ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում։ Սարդարապատ պարգևած եկեղեցուն նույն Սարդարապատում փորձեցին արգելափակել»,- ասել է Գալստանյանը, հայտնում է Panorama.am-ը։

Սրբազանը նշել է, որ այդ ամենը տեսնելով՝ որոշել է, որ հիմա գնալու է ՆԳՆ՝ պահանջելու, որ բացատրություն տան ամբողջ կատարվածի համար, միաժամանակ հասկանալու՝ այդ հրամանը ներքին գործերի նախարար Վահե Ղազարյա՞նն է տվել, թե՞ իրեն են նման հրաման տվել։

«Մեր երկրում բոլորն իրենց գործողությունների, խոսքերի համար պետք է պատասխանատվություն կրեն ու պատասխան տան։ Այս անտերությունը, մարդկանց մեջ անապահովության զգացումը, լքված լինելու զգացումը, պետական պաշտոնյաների հղփացած լինելը, իրենց աթոռները հոր տնից բերած լինելու զգացումը՝ որ իրենք են ու վերջ, պետք է վերանա»,- ասել է սրբազանը։

Մայիսի 28–ին ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Սոցցանցերում տարածված կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, սակայն ոստիկանները միանգամից «շղթայի» մեջ են առնում հոգևորականներին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն ավելի ուշ հայտնել է, որ չնայած ոստիկանների անհարիր պահվածքին, հաջողվել է բարձրանալ հուշահամալիր և Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ հոգեհանգստյան աղոթք անել։