AM
29 May 2024 - 07:48 AMT

ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով

Ներքին գործերի նախարարության դիմաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և քաղաքացիներին է մոտեցել ներքին գործերի նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը ու տեղեկացրել, որ նախարար Վահե Ղազարյանը հանդիպումների է, չի կարող ցուցարարներին հանդիպել։

Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Սուրբ Աննա եկեղեցուց երթով հասել են ՆԳՆ՝ պահանջելու, որ բացատրություն տան մայիսի 28–ին Սարդարապտում կատարվածի համար, երբ փորձ արվեց խոչընդոտելու կաթողիկոսի մուտքը հուշահամալիր։ Բագրատ սրբազանը նաև ասել էր, որ պետք է հասկանալ՝ այդ հրամանը ներքին գործերի նախարար Վահե Ղազարյա՞նն է տվել, թե՞ իրեն են նման հրամատ տվել։

«Նախարարն այս պահին հանդիպումների մեջ է ու չենք կարող հանդիպում կազմակերպել։ Կարող ենք խոսել, երբ հարմար լինի, ձեզ տեղեկացնենք»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

«Մի հատ ՆԳ նախարարից տեղեկացեք ո՞ւմ հետ է հանդիպման, ո՞վ է ավելի կարևոր, քան այս ժողովուրդը», – հետաքրքրվել է Բագրատ Սրբազանը ՆԳՆ ներկայացուցչից։

Խոսելով կաթողիկոսի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու մասին՝ Սարգսյանն ասել է, թե արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում Վեհափառի անունը չի եղել։

«Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը և պարզաբանումներ են կատարվել, ինչից հետո մուտքը թույլատրվել է»,– ասել է Սարգսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Ներքին գործերի նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանն ավելի ուշ տեղեկացրել է ՆԳՆ մոտ հավաքված քաղաքացիներին ու Բագրատ սրբազանին, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պատրաստ է հանդիպել սրբազանին, բայց ոչ այս ֆորմատով։

Այնուհետև ՆԳ փոխնախարար, ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը Բագրատ սրբազանին հրավիրել է առանձին հանդիպման Ղազարյանի հետ։

«Այս պահին այս դրսևորմամբ դուք բախման եք տանում, մենք չենք ուզում»,- ասել է փոխնախարարը։

Սրբազանը պատասխանել է․ «Բախման իմաստով ոչ մեկին չվախեցնեք, որևէ քայլ եթե կկատարեք, մենք խաղաղ, հաշտությամբ կանգնած ենք»,- նշել է Սրբազանը։

Ավելի վաղ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը հայտնել էր, որ նախօրեին Սարդարապատում Վեհափառ հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ–ում ծառայողական քննություն չի իրականացվում։

Մայիսի 28–ին Սարդարապատի հուշահամալիրի տարածքում ոստիկանական ուժերը խոչընդոտել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի մուտքը հուշահամալիր։ Այնուամենայնիվ, Վեհափառին և հոգևորականներին հաջողվել է անցնել ոստիկաններին, ծաղիկներ խոնարհել և հոգեհանգստյան կարգ իրականացնել։