AM
29 May 2024 - 09:39 AMT

Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն

ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով մայիսի 28–ին կաթողիկոսի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու փորձին, հայտարարել է, չի հիշում, որ նման բան երբևէ եղած լինի։

«Լավ կլինի, որ Վեհափառ Հայրապետից ներողություն խնդրեն և բացատրություն տան, թե ինչու է ճանապարհը փակվել»,–ասել է նա ֆեյսբուքյան եթերում Վիեննայի օդանավակայանից՝ նշելով որ չի ուզում սպասել մինչև Երևանում կլինի և որ կարևոր է հենց հիմա արձագանքել։

Մարուքյանը տեղի ունեցածը որակել է որպես խայտառակ դեպք։

«Ամբողջ աշխարհում այս ամենին հետևում են, Հայ Առաքելական սուրբ եկեղեցին ամբողջ աշխարհում հարգված մեծ ցանց է, կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը: Վերջին հաշով Հայ առաքելական սուրբ եկեղեցու ցանցը, ոչ միայն եկեղեցուն է ծառայում, այլև, լավ աշխատելու պարագայում, նաև պետությանը: Հիմա ես չգիտեմ այս խայտառակությանն ինչ անուն դնեմ»,–ասել է նա։

Մայիսի 28–ին Սարդարապատի հուշահամալիրի տարածքում ոստիկանական ուժերը խոչընդոտել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի մուտքը հուշահամալիր։ Այնուամենայնիվ, Վեհափառին և հոգևորականներին հաջողվել է անցնել ոստիկաններին, ծաղիկներ խոնարհել և հոգեհանգստյան կարգ իրականացնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով միջադեպին, հայտարարել է, թե Գարեգին Երկրորդը Սարդարապատի միջոցառմանը հրավեր չի ունեցել՝ «ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել՝ արդյոք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե այլ նպատակով»։