Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023–ի պետբյուջեի կատարողականը քննարկելու ժամանակ հայտարարել է, թե պետության գոյությունը վտանգող ուղիղ սպառնալիքի փուլը հաղթահարվել է։
«Խորհրդարանական ամբիոնից մի քանի անգամ հայտարարել եմ, որ եթե մենք 1-2 տարի կարողանանք ապահովել մեր պետության գոյությունը, մեր պետության գոյությունը կապահովենք երկարաժամկետ կտրվածքով։
Հիմա, մենք ինչի՞ ենք հասել 2023 թվականի պետական բյուջեի ծախսման արդյունքում: Մենք 2023 թվականի պետական բյուջեի ծախսման արդյունքում հասել ենք հետևյալին, որ մենք այդ մարտահրավերների, այդ սպառնալիքի փուլը հաղթահարել ենք, որովհետև եթե 2020, 2021, 2022, 2023 թվականներին մենք տեսնում էինք մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ և անմիջական սպառնալիք, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ կարողացել ենք վերը նշված բանաձևերի գործարկմամբ մեր պետությանը սպառնացող ուղիղ վտանգները, մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ սպառնալիքները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ իմաստով և միջնաժամկետ իմաստով»,–ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ պետք է հասկանալ նաև, որ երկարաժամկետ իմաստով շատ կարևոր է, որ այս քաղաքականությունը շարունակենք և, իրական Հայաստանի ռազմավարության վրա հիմնվելով, կայացնենք որոշումներ, որոնք տեղավորվում են այս տրամաբանության մեջ:
«Փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու մարտահրավերներին ու նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու ընդունակ կառավարություն, խորհրդարան և կառավարող մեծամասնություն պետք է լինենք: Սա է այն նպատակադրումը և այն ձեռքբերումը, որը մենք ունենք 2023 թվականի պետական բյուջեի ծախսման արդյունքներով, և մենք պետք է շարունակենք սպասարկել այս նպատակադրումը»,- ասել է վարչապետը:
Նա նաև ասել է, որ պետք է գնահատել, թե իրենք՝ որպես կառավարող մեծամասնություն, իրենց հետ ի՞նչ է տեղի ունեցել վերջին տարիներին, հեղափոխությունից հետո:
«Եվ սա թերևս մեր ամենամեծ ամոթն է կամ ամենամեծ պրոբլեմը՝ երբ 2018 թ. ստանձնել ենք ՀՀ կառավարումը, մենք շարունակել ենք կղերաֆեոդալական ավանդույթները․․․Ի՞նչ է մեզ հետ տեղի ունեցել. այսօր մեզ ասում են՝ դուք այսպիսի բան էիք ասում 2018-ին, 2019-ին, հիմա կարծես այդպես չեք ասում, ինչո՞ւ, որովհետև մենք ինքներս մեր մեջ հաղթահարում ենք կղերաֆեոդալական մտածողությունը և կղերաֆեոդալական համակարգը բունտ է անում, ասում է՝ դուք ի՞նչ իրավունք ունեք մտածել, մենք ենք ստեղծել մտածողության կաղապարները դարեր ի վեր և դուք պարտավոր եք մտածել այդ կաղապարի շրջանակում: Եթե դուք այդ կաղապարի շրջանակից դուրս մտածում եք, ուրեմն դուք դավաճան եք և այլն, և այսպես շարունակ:
Բայց երբ մենք վերադառնում ենք լավ ապրելու հայեցակարգին և ըմբռնում ենք, որ պետությունը չի կարող այլ բան լինել, քան սեփական քաղաքացիների արդարությունը, երջանկությունը, կենսուրախությունն ապահովող գործիք, լավ ապրելն ապահովող գործիք, մենք պետք է վերադառնանք այս հարցին՝ ի՞նչ է պետք դրա համար քաղաքական մակարդակում: Դրա համար հարկավոր է արդյունավետ պետություն, իսկ ի՞նչ նկատի ունենք՝ արդյունավետ պետություն ասելով:
Իմ գնահատմամբ՝ այսօր մենք պետք է արձանագրենք, որ արդյունավետ պետությունը փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու մարտահրավերների և նպատակների հարմարեցված որոշումներ կայացնելու ընդունակ պետությունն է: Եվ սա միակ բանաձևն է, որը կապահովի պետության հարատևությունը և պետության կենսունակությունը»,–ասել է Փաշինյանը։






