AM
12 May 2009 - 14:42 AMT

Առաջին անգամ հայկական ֆիլմերը ներկայացվելու են Կաննի կինոտոնավաճառին

Առաջին անգամ Հայաստանը Կաննի 62-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում պաշտոնապես մասնակցելու է կինոտոնովաճառին, որը տեղի կունենա մայիսի 13-22-ը: Տոնավաճառում Հայաստանն ի դեմս «Հայ ֆիլմի» ներկայացնելու է Հայաստանի Կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնը:

Հայաստանի Կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնի ղեկավար Գեւորգ Գեւորգյանի խոսքերով Հայաստանի Մշակույթի նախարարության օգնության շնորհիվ տոնավաճառում ներկայացվելու են ավելի քան 20 լիամետրաժ, կարճամետրաժ, փաստագրական եւ անիմացիոն ֆիլմեր: Ներկայացված աշխատանքների շարքում հանդիսատեսի դատին հանձնվելու են Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին», Հարություն Խաչատրյանի «Սահմաններ», Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ», Ալբերտ Մկրտչյանի «Ողբի փողոցի արեւածագը» ֆիլմերը:

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա Մարինա Հարությունյանի «Փախստականը» ֆիլմի ցուցադրությունը: 2009-ը հայ կինեմատոգրաֆիայի համար բավական հագեցած էր, քանի որ տարեվերջին հայկական ֆիլմերը ներկայացվելու են նաեւ այլ համաշխարհային փառատոնների: