Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ ՍԱՏՄ–ն դիմել է Լոռու ու Տավուշի մարզերի աղետից տուժածներին՝ հորդորելով անկած կենդանիներին ինքնուրույն չոչնչացնել։
«Հաշվի առնելով աղետի հետևանքով անկած կենդանիների՝ ոչ պատշաճ եղանակով ոչնչացնելու պարագայում համաճարակի առաջացման ռիսկերը՝ խնդրում ենք ձեռնպահ մնալ անկած կենդանիներին ինքնուրույն ոչնչացնելուց, հայտնաբերման բոլոր դեպքերում դիմել ձեր համայնքի անասնաբուժական ծառայություն կամ զանգահարել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 հեռախոսահամարով, որը գործում է շուրջօրյա»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ՍԱՏՄ արագ արձագանքման խումբը գտնվում է աղետի գոտում, ուստի առանց հապաղելու կայցելի կենդանիների անկման վայր, կիրականացնի հաշվառում և կտրամադրի ոչնչացման վայրի և եղանակի վերաբերյալ ցուցումներ։
Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։