AM
31 May 2024 - 10:14 AMT

Ցուցարարներն ԱԳՆ-ի մոտ են․ Միրզոյանից պատասխան են պահանջում Ալիևի և Էրդողանի հայտարարություններին

Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն իր աջակիցների հետ երթով հասել է ԱԳՆ շենքի մոտ։ Սրբազանը կոչ է արել նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` վերջին օրերին հնչեցրած հայտարարություններին։

«Իջե՛ք, պատասխանե՛ք ադրբեջանական բոլոր տեսակի հայտարարություններին, որոնք հնչում են մեր պետության հասցեին։ Դուք ի վերջո պատասխան տալի՞ս եք, թե՞ չեք տալիս, ի վերջո, այդքան տղամարդկություն ունե՞ք խոսելու, թե՞ ոչ»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Սրբազանը հավելել է, որ եթե նախարարը չիջնի, ապա ինքը լրագրողների ու ցուցարարների հետ վերև կբարձրանա։

«Եթե դուք չեք իջնելու և հրապարակային չեք խոսելու, ապա ձեր բոլոր ասածները` դավաճան, գործակալ ու մնացած բոլոր բաները, ձեր վրա եք վերցրել ու այսուհետ ծառայում եք ոչ թե ՀՀ–ին, այլ թուրքական ու ադրբեջանական իշխանություններին»,– ընդգծեց նա։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, որ մասնակցում է Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարին, բարձրախոսով դիմել է ԱԳ նախարարության շենքի պատերի ներսում, տարբեր երկրներում աշխատող իր նախկին գործընկերներին, որոնք դիվանագիտության մեջ երկար ճանապարհ են անցել, հայտնում է Panorama.am-ը։

«Ձեզ համար եկել է ճշմարտության պահը, դուք պետք է ինքներդ ձեզ հարց տաք, ո՞ւմ հետ եք դուք՝ ՀՀ ազգային շահերը պաշտպանելո՞ւ, այնպիսի դիվանագիտության կողմնակից եք, որը մեզ բերելու է արժանապատիվ խաղաղություն, և կարող է բերել, թե՞ այսպիսի ստորացված, նվաստացված, անարժանապատիվ մուրացկանի կարգավիճակով բանակցությունների սեղանի շուրջ նստել ու վիզներդ ծուռ նայել, թե ինչպես ու ինչ հրահանգներ պետք է գան տարբեր կենտրոններից։ Ես ուզում եմ ձեզ ասել, ընկերներ, դա դիվանգիտություն չի, որը դուք անում եք։ Լինել պետական ծառայող, չի նշանակում լինել ծառա, ծառա վարչակազմին, ծառա որևէ իշխանությանը։ Դուք պետք է որոշում կայացնեք»,-ասել է Կարապետյանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։