AM
31 May 2024 - 10:18 AMT

ՔՊ-ական պատգամավոր. Ուսումնասիրում ենք եկեղեցու տնօրինության տակ գտնվող հազարավոր գույքեր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանը բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու հարկման թեմային, ասել է, թե ուսումնասիրում են եկեղեցու տնօրինության տակ գտնվող հազարավոր գույքեր։

«Մենք այժմ ուսումնասիրում ենք եկեղեցու տնօրինության տակ գտնվող հազարավոր գույքեր, դրանից հետո արդեն կքննարկվի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հարցը։ Չկա շրջանառության մեջ որևէ նախագիծ եկեղեցու հարկման վերաբերյալ, բայց ես և գործընկերներս աշխատում ենք այդ ուղղությամբ», – հավելել է պատգամավորը, գրում է «Ազատությունը»։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ասել է, որ այս պահին օրենսգրքով սահմանված են հարկային արտոնություններ որոշակի ծիսական պարագաների օտարման մասով, անշարժ գույքի հարկի արտոնություններ են սահմանված:

«Հարկային քաղաքականության հարց է։ Ես կարծում եմ, որ այն, ինչ ենթադրում է կրոնական նպատակ, չպետք է հարկվի, այն, ինչ օտարվում է, դրա դիմաց գումար է գանձվում, այդտեղ ավելորդ չէ մտածել։ Եթե հավատացյալը ցանկանում է հանգանակություն անել առանց հասցեավորման, այդտեղ խնդիր չկա, իսկ եթե ինչ-որ մի բան վաճառվում է շահույթ ստանալու նպատակով, կարծում եմ՝ պետք է հարկվի», – հավելել է նա։

Վարչապետի հրաժարականի պահանջով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի սկսած շարժումից հետո եկեղեցու հարկման թեման հասել է քաղաքական ամբիոններ։ Այս մասին խոսել է թե վարչապետը, թե խորհրդարանի խոսնակը։ Առաքելական եկեղեցուց հիշեցրել են, որեկեղեցին վճարում է հարկերը։

Մայր Աթոռի ունեցվածքն ու գործարքները մասնակի են հարկվում՝ եկեղեցին հարկային արտոնություններ ունի, այդուհանդերձ կառույցը, ըստ Պետեկամուտների կոմիտեի, 1000 խոշոր հարկատուների ցանկում 488-րդ տեղում է։ Շիրակի թեմի առաջնորդը եկեղեցու հարկման թեման այս պահին օրակարգ բերելը հարկային տեռոր կամ ռեպրեսիա է որակել։