ԱԳՆ շենքի մոտ իրավիճակը լարված է։ Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, փորձում են հեռացնել քաղաքացիներին ԱԳՆ շենքի առջևից, հայտնում է Aysor.am-ը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն իր աջակիցների հետ պահանջում է հանդիպում նախարար Արարատ Միրզոյանի հետ: Ցուցարարները շրջափակել են շենքը։
Մինչ այս լարվածությունը ԱԺ պատգամավորները բանակցում էին ոստիկանապետի հետ, որ իրենց թույլ տան նախարարության շենք մուտք գործել։
ԱԺ պատգամավոր Արման Ղազարյանը, դիմելով ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, ասել է․ «Հովհաննիսյան, ես գնում եմ Արարատ Միրզոյանին տեսնեմ, գնում եմ ականջից բռնեմ բերեմ ստեղ, ճամփես բացեք», հայտնում է Panorama.am-ը։
ԱԳ նախարարության շենքի մոտից բերման է ենթարկվել 16 քաղաքացի։
ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ հայտարարություն է տարածել` նշելով, որ ԱԳՆ-ն անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է, և հորդորել ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից։
Բագրատ սրբազանն, արձագանքելով ոստիկանների գործողություններին, ասել է, որ մնալու են նույն տեղում՝ ուզում է ձյուն գա, ուզում է՝ անձրև։
«Սա նախերգանքն է լինելու, էլ մեր դեմն էլ առնել չկա։ Ոստիկանությունը թող իմանա»,- հայտարարել է նա։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։