ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ոչ միայն ինքը, այլև իր կուսակցությունը և համակիրներն աջակցում են այն թեկնածուին, ում առաջադրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
«Ինքն ասել է, որ ինքն է թեկնածու, ուրեմն՝ մենք իրեն ենք աջակցում։ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս խորհրդարանի 2/3-ով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել բարձրագույն պաշտոններ։ Այսինքն, դա ելք է, մի քիչ ավելի դժվար ելք է, քան պարզ անվստահություն հայտնելը, բայց դա էլ է ելք»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը, հայտնում է «Փաստինֆոն»։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նոր իշխանություններին կհաջողվի հարցն ապօրինիճանապարհից բերել օրինական դաշտ, հայտնում է Aysor.am-ը։
«Գրեթե 100 տոկոսով վստահ եմ, որ նոր իշխանությունները կարողանալու են հարցն ապօրինի ճանապարհից բերել օրինական դաշտ։ Կարողանալու են՝ խաղաղ ճանապարհով»,- ասել է նա։
Այն հարցին, թե ինչո՞ւ դա չի անում Նիկոլ Փաշինյանը, Սարգսյանը պատասխանել է․ «Որովհետև նա կապիտուլյանտ է։ Ձեռքերը բարձրացրել, հանձնվել է, դիմացինն էլ պահանջում է»։
ՀՀ երրորդ նախագահը նաև ասել է, որ այն, ինչ կատարվեց Սարդարապատում, դուրս է բարոյականության սահմաններից՝ նկատի ունենալով Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը հուշահամալիր խոչընդոտելու փորձը։
«Ինչ վերաբերում է վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելուն, դա արդեն բոլոր իրավական նորմերից դուրս է, դուրս է նաև բարոյականության սահմաններից»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ այդպիսի հրամաններ տվողներն ու կատարողներն ունեն անհամաչափ արտաքին աջակցություն, դրա համար էլ անհամաչափ գործողությունների են դիմում։
Սարգսյանը հավելել է, որ արտաքին աջակցություն ասելով՝ նկատի ունի Արևմուտքից ստացվող աջակցությունը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։






