2024-ին հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն: Այդ մասին հայտարարվել է քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։
Առաջիկայում արդեն շահագործման կհանձնվեն հ. 76 հիմնական դպրոցի, Կոմիտասի պողոտայում գտնվող շուկայի և «Կիլիկիա» ավտոկայանի հարևանությամբ գտնվող գետնանցումների վերելակները: Մյուս հասցեներում աշխատանքներն ընթացքում են:
Հանձնարարվել է թեքահարթակներ կառուցել այնպես, որ տեղադրված վերելակներին հարակից մայթերն ու փողոցները ևս լինեն հարմարեցված:
2024–ին ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ:
Տեխնիկական առաջադրանքներում որոշակի փոփոխություններ են կատարվել. սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի բնակչության տարբեր խմբերի գործածության համար, հայտնում է քաղաքապետարանը։