AM
4 June 2024 - 08:06 AMT

«Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագիրը սկսվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Սևր քաղաքում մասնակցել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագրի բացման միջոցառմանը:

Ծրագիրը միտված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցիչների կարողությունների հզորացմանը՝ աջակցելով ոլորտի կրթական քաղաքականությանը՝ ի նպաստ ֆրանսերենի ուսուցման և բազմալեզվության, ինպես նաև ֆրանսերենի ուսուցիչներին վերապատրաստող խմբերի ձևավորմանը:

Այցի շրջանակում Սվաջյանը Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարարության Եվրոպայի և միջազգային հարաբերությունների և համագործակցության գծով տնօրեն Նատալի Նիկիտենկոնի հետ քննարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ համագործակցության մանրամասները:

Սվաջյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումները՝ շեշտադրելով նաև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը: Այդ համատեքստում քննարկվել են նոր դասագրքերի ստեղծման գործընթացին, ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացմանը, դպրոցների կառավարման համակարգին վերաբերող մի շարք հարցեր:

Ֆրանսիական կողմը ևս ներկայացրել է Ֆրանսիայի կրթական կառուցվածքը և այն հիմնական ստորաբաժանումների գործառույթները, որոնք ընդգրկված են «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրում: Ֆրանսիացի գործընկերները նշել են, որ շուտով կկազմակերպվի ծրագրով ընտրված 30 ուսուցչի այցը Բորդո, որտեղ կկայանա երկշաբաթյա վերապատրաստման հաջորդ փուլը:

Ֆրանսիայում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Փարիզի կրթության ազգային ինստիտուտի ղեկավարության հետ, քննարկել Հայաստանում գործող համանման կառույցների հետ հետագա համագործակցության հնարավորությունները: Կողմերը կարևորել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթության և մշակույթի ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդումը:

Սվաջյանն այցելել է նաև AgroParisTech համալսարան, որի ընթաքում քննարկվել են Հայաստանում Ֆրանսիական, Հայաստանի ազգային ագրարային և AgroParisTech համալսարանների միջև մի շարք ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ այցի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփումից հետո կազմակերպել հեռավար հանդիպում՝ արդյունքները քննարկելու և հետագա փոխհամագործակցությունը նախանշելու նպատակով: