Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, խոսելով հայ–վրացական հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու ուղղությամբ տարվող ինտենսիվ աշխատանքի մասին, ներկայացրել է Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրի քաղաքական և տնտեսական բաղադրիչը։
«Տնտեսական առումով շատ կարևոր է, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որ Հայաստանը և Վրաստանը միասին պետք է աշխատեն տարածաշրջանային ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի իրականացման համար։
Մեզ համար շատ կարևոր է «Սևծովյան մալուխ» նախագիծը, որտեղ Վրաստանը ներգրավված է և կարևորագույն դեր ունի այս նախագծում։ Եվ մենք ակնկալում ենք նաև մեր վրացի գործընկերների աջակցությունը, որպեսզի Հայաստանը մաս դառնա այս նախագծին։ Նախագծին տեխնիկապես մաս դառնալու համար կան որոշակի տնային աշխատանքներ, որ ՀՀ–ն պետք է ունենա՝ էներգետիկ ենթակառուցվածքների թարմացման և բարելավման համար։ Այս առումով համապատասխան հանձնարարականներ տրված են և աշխատանքներ են տարվում»,- ասել է Կոստանյանը, հայտնում է Արմենպրեսը։
2022-ի դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի ղեկավարները Բուխարեստում համագործակցության հուշագիր են ստորագրել Հարավային Կովկասից Սև ծովի հատակով մալուխով դեպի Եվրամիություն «կանաչ էլեկտրաէներգիայի» արտահանման ծրագրի վերաբերյալ: Այն շահագործման կհանձնվի 2029-ին։
Նա նշել է, որ քաղաքական բաղադրիչն այն է, որ Հայաստանը և Վրաստանը աներկբաորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։
«Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի և Վրաստանի միջև դելիմիտացիայի գործընթացը, որը վերջին տարիներին կանգ է առել, պետք է շարունակվի և տրամաբանական ավարտին հասցվի»,–ասել է փոխնախարարը։
Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի նախագծին միանալու ՀՀ պատրաստակամության մասին դեռևս 2023–ի նոյեմբերին հայտարարել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
2024–ի հունվարին Հայաստանի և Վրաստանի վարչապետերը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը, նույն օրը տեղի է ունեցել միջկառավարական հանձնաժողովի նիստը Հայաստանի և Վրաստանի վարչապետների ղեկավարությամբ։






