AM
5 June 2024 - 10:33 AMT

ԱՆ․ Աղետի գոտում խմելու ջրի մեջ ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել

Աղետի գոտում խմելու ջրի մեջ ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Նշվում է՝ մշտադիտարկման արդյունքները փաստում են, որ այժմ չեզոքացված են նաև աղետի առաջին օրերին խմելու ջրում ի հայտ եկած սանիտարական շեղումները։

Հեղեղումից մինչ օրս ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) աղետի գոտու խմելու ջրից 280 նմուշառում է կատարել:

Աղետի գոտում ՀՎԿԱԿ-ի մասնագետները շարունակում են նաև հողից և անկած կենդանիներից նմուշառումներ կատարել, տեղում իրականացրել իրազեկում:

Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։