AM
5 June 2024 - 11:42 AMT

Մարզպետ․ Ներքին Հանդից ռուս սահմանապահները դուրս են եկել

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդից ռուս սահմանապահները դուրս են եկել։

«Որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ դուրս են եկել, Ներքին Հանդից էլ են դուրս եկել, հիմա այնտեղ ռուս սահմանապահներ չկան»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Մարզպետն ասել է, որ հստակ չի կարող ասել, թե կա՞ն տեղեր, որտեղից դուրս չեն եկել։

«Տեսեք՝ եթե կա ինչ-որ տեղ, որտեղ եղել են, կարող է 80 տոկոսը դուրս գա, մյուսները մնան, մինչև հաջորդները դուրս գան, չեմ կարող հստակ ասել, բայց Ներքին Հանդից դուրս են եկել»,- ասել է Ղուկասյանը։

Նա հավելել է, թե Սյունիքում որևէ բան տեղի չի ունենում՝ բացառությամբ ռուս սահմանապահների դուրս գալը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «Մոսկվան և Երևանը համաձայնեցրել են Հայաստանի որոշ մարզերից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը, պայմանավորված նրանով, որ պայմանները փոխվել են»։

«Փաշինյանն ու Պուտինը համաձայնեցրել են այդ հարցը: Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին»,- ասել է նա:

Հայկական կողմը Ռուսաստանին առաջարկել է, որ ռուս սահմանապահները դադարեցնեն ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, նաև որ նրանք դուրս գան ՀՀ-Ադրբեջան սահմանի երկայնքով 17 կետից, ինչպես նաև՝ Սիսիանի և Գորիսի բազաներից։