AM
7 June 2024 - 14:45 AMT

Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, ըստ որի ՌԴ–ն հայ խորհրդարանականներին կոչ է անում ներկայացնել «Բուչայում իբր սպանվածների ցուցակը, որը նրանց է փոխանցել Կիևը», ասել է, որ ստեր չի մեկնաբանում։

«Ես ստեր չեմ մեկնաբանում, նա սուտ է խոսում»,- ասել է Սիմոնյանը, գրում է Aysor.am-ը։

Սիմոնյանը պնդել է, որ Հայաստանից ոչ մի տեղ պատվիրակություն չի գնացել՝ այդ ցուցակի առնչությամբ։

«Բայց փոխարենը կարող եմ խնդրել, որ իմ լրատվականը կամ իմ օգնականը ՌԴ ԱԳՆ-ին կամ տիկին Զախարովային փոխանցի, օրինակ, ԼՂ-ում վերջին ռազմական գործողությունների ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները։ Կարող եմ էն 100,000-ից ավելի փախստականների անունները փոխանցել, եթե իրենց հետաքրքիր է՝ այն տարածքում, որտեղ իրենք խաղաղապահ գործունեություն էին ծավալում։ Բայց, ընդհանուր առմամբ, ես աբսուրդներ և ստեր, որն արդեն գործելաոճ է դարձել, չեմ մեկնաբանում»,- ասել է Սիմոնյանը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով հայկական պատվիրակության այցին Կիև և Բուչա, հայ խորհրդարանականներին կոչ է արել Բուչայում զոհվածների ցուցակ փոխանցել։

«Մենք հուսով ենք, որ հայկական կողմը, պաշտոնական հայկական պատվիրակությունը, կկիսվի ռուսական կողմի հետ այն մարդկանց ցուցակով, որոնք այնտեղ իբր զոհվել են։ Մենք 2 տարի է չենք կարողանում դրան հասնել, որպեսզի որևէ մեկը, այդ թվում ՄԱԿ–ը, ներկայացնի այն մարդկանց տվյալները, որոնք իբր այնտեղ զոհվել են»,–ասել է Զախարովան։

Հունիսի 2-ին Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այցելել էին Բուչա։ Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆյոդորուկը պատգամավոր Ալինա Սարանյուկի հետ միասին դիմավորել էին հայկական պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին Բուչայի և Երևանի համագործակցության բարելավման հնարավորությունները: Հայկական պատվիրակությունը նաև դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն էր փոխանցել ուկրաինական կողմի բուժհաստատություններին: Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ էին խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Բուչայի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։