AM
11 June 2024 - 08:21 AMT

Հայրիկյանը հացադուլ է հայտարարել

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հունիսի 10-ից հացադուլ է հայտարարել։ Նա այդ մասին տեղեկացրել է Բաղրամյան պողոտայից՝ ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով։

«Հացադուլ եմ հայտարարել, բողոքի հացադուլ, և դրանով իմ մասնկացությունն եմ բերում ընդհանուր ընդվզմանը։ Ցույցերին, քայլերթերին էլի կմասնակցեմ, բայց զուգահեռաբար այս բողոքի հացադուլով ես լրացուցիչ մեր հայրենակիցների ուշադրությունն եմ հրավիրում մեր պարտականությունների վրա, ոչ թե խնդիրների»,- ասել է նա։

Նա հայտարարել է, որ բողոքում է Հայաստանը ոչ իրավական դարձնելու իշխանության գործողությունների դեմ, և բոլորին կոչ է արել «միանալ սրբազան շարժմանը»։

«Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ի հանրահավաքում հայտարարել է, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Շարժման կողմնակիցները փակել են Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել այնտեղ։ Սրբազանի խոսքով` իրենք չափազանց կարևոր անելիք ունեն հունիսի 12-ին, բայց չի մանրամասնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։

Հունիսի 10–ին Ազգային ժողովի խորհուրդը մերժեց խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջնորդությունը, որով նրանք պահանջում էին կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ օրենքի ուժով այդ օրակարգով արտահերթ նիստ կգումարվի հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին։