ԱԳՆ-ում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի առանձնազրույցը, հայտնում է նախարարությունից։
Ամփոփիչ նիստի ժամանակ Միրզոյանը հայտարարել է, որ կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը, հայտնում է Sputnik Արմենիան։
Ըստ նրա՝ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին` հիմնված 1991–ի Ալմաթիի հռչակագրի վրա։
«Կա իրական հնարավորություն, պատմական պահ` վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատև խաղաղության համար»,– ասել է նա։
Արտաքին գերատեսչության ղեկավարը այս համատեքստում կարևորել է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգման վրա։
Ըստ Միրզոյանի` դա լավագույնս արտացոլված է ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ։
Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:
Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական է մինչև նոյեմբեր։