Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբաթյանը հայտնել է, որ ավագանու հունիսի 25-ի նիստում քննարկվելու է որոշման նախագիծ, ըստ որի ուղեվարձի թանկացումը մայրաքաղաքում քաղաքային իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը ամբողջապես հնարավոր է ապահովել միայն նախատեսվող նոր 171 ավտոբուսների ձեռքբերմամբ (հիշյալ թվաքանակի փաստացի Երևան մատակարարմամբ) և միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործնականում 171 նոր ավտոբուսների նախատեսված ժամկետում մատակարարման հետ կապված առաջացել են մատակարարման ժամկետի ուշացումներ, որոնցով պայմանավորված մինչև 2024–ի սեպտեմբերի 1-ը նախատեսված միասնական տոմսային համակարգի ծրագրային ամբողջական ներդրումը հնարավոր չէ ապահովել։
Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշման մեջ՝ որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանելով 2024 թվականի նոյեմբերի 1-ը»,–ասվում է գրառման մեջ:
Երևանի քաղաքապետարանում շրջանառվել է միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ապահովմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ Փոխքաղաքապետը նշել է, որ լինելու է տարբերակված մոտեցում՝ մշտապես տրանսպորտից օգտվողների համար համեմատ մատչելի գներ կլինեն, իսկ տարբեր խմբերի համար կգործեն արտոնյալ սակագներ։ Հայտարարվել էր, որ նախագիծը կարող է ուժի մեջ մտնել սեպտեմբերին։
Ավելի վաղ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել և որ «թանկացման սանդղակը հասնում է մինչև 260 դրամ»։