Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել՝ խստիվ դատապարտելով խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ակնհայտ ապօրինի քայլերը և կոչ անելով ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից։
Խորհուրդը դատապարտելի է համարել նաև, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակից անձերը հետևողականորեն լծվել են հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու «անհիմն և ստահոդ լուրերի տարածմանը»:
«Մենք՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներս, համախմբվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Բ–ի նախագահությամբ, օրակարգային հարցերի քննարկումների ընթացքում խոր մտահոգությամբ անդրադարձ կատարեցինք մեր հայրենիքի առջև ծառացած ներքաղաքական խնդիրներին և արտաքին անվտանգային մարտահրավերներին։
Հետպատերազմյան շրջանում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը և հատկապես վերջերս սահմանազատման և սահմանագծման գործընթացի անվան ներքո կատարած տարածքային միակողմանի զիջումները հիմնավոր նոր անհանգստությունների ու տագնապների պատճառ են դարձել ինչպես հայրենիքում, այնպես և սփյուռքում, տեղիք տվել անվստահության ձևավորման՝ հանգեցնելով նաև Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջին։
Հայրենիքի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների շուրջ ժողովրդի բարձրաձայնած մտավախությունները, ազգային կառույցների և մասնագիտական հանրույթի կոչերն ու հորդորները, սակայն, անտեսվում են ՀՀ իշխանությունների կողմից և կամ հակադարձվում հավանական պատերազմի սպառնալիքներով: Իսկ հանրային ստվար շրջանակներում իշխանությունների նկատմամբ ձևավորված արդարացի դժգոհությունները, որ դրսևորվում են բողոքի և անհնազանդության խաղաղ գործողությունների միջոցով, փորձ է արվում լռեցնել ցուցարարների նկատմամբ արժանապատվության նսեմացմանն ուղղված գործողություններով և բռնի անհամաչափ ուժի գործադրությամբ։
Խստիվ դատապարտում ենք հունիսի 12-ին Երևանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը և գործադրված միջոցները, ինչի հետևանքով ցուցարարների և ոստիկանների շրջանում կան բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ մարմնական ծանր վնասվածքներով։
Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից։ Մեր կոչն է նաև իրենց բողոքի ձայնն արտահայտող հայրենակիցներին գործել ամենայն զգոնությամբ և օրինահարգությամբ։ Ներկա վտանգաշատ կացությունը կարոտ է արժանապատիվ հանգուցալուծումների, առկա ճգնաժամը՝ հանդարտության և զգաստության մեջ քաղաքական երկխոսության։ Դատապարտելի է նաև, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակից անձերը հետևողականորեն լծվել են հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն և ստահոդ լուրերի տարածմանը՝ փորձելով արդարացնել հակաեկեղեցական իրենց կեցվածքը, որի ամոթալի դրսևորումներից էր մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների դեմ հրահրված սադրանքը:
Բոլոր ժամանակներում հայրենի իշխանությունների կոչումն ու առաքելությունն է ներհասարակական համերաշխության պահպանումը և համազգային միաբանության ձևավորումը, ինչը կենսականորեն անհրաժեշտ է հատկապես մերօրյա պայմաններում։ Իշխանությունն ինքնին որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի համար չպետք է լինի սոսկ ձգտում, այլ առաջին հերթին՝ միջոց ժողովրդին և հայրենիքին խոհեմ, շրջահայաց ու անձնուրաց ծառայության և խաղաղ ու ապահով կյանքի կերտման։
Հավատում ենք, որ հայրենիքի հանդեպ սերը և պատասխանատվությունը պիտի հարթեն շավիղները՝ համազգային մեր ներուժն ու բոլոր կարողությունները ի սպաս դնելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությանն ու զորացմանը և իրականության կոչելու ապագայի համընդհանուր մեր տեսլականը»,–ասվում է հայտարարության մեջ։
Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Կան տասնյակ տուժածներ, այդ թվում՝ լրագրողների և օպերատորների շրջանում։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։
Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։