AM
20 June 2024 - 10:02 AMT

ԵՄ–ն 18 մլն եվրո կհատկացնի ԼՂ–ից բռնի տեղահանվածների ինտեգրմանը

ԵՄ–ն 18 մլն եվրո կհատկացնի Հայաստանին ԼՂ–ից բռնի տեղահանվածների սոցիալ–տնտեսական ինտեգրման համար։

Գործադիրի հավանություն է տվել «ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» նախագծին, որի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես, նպաստել կառավարության՝ փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները լուծելու:

15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում. հայկական կողմի համաֆինանսավորում չի նախատեսվում։ Գործողություններն ուղղված են լինելու փախստականների սկզբնական, այդ թվում՝ պարենային անվտանգության հետ կապված, կարիքների հրատապ օգնություն ցուցաբերելուն:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» նախագծին, որով ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո կհատկացվի Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանը՝ նպատակ ունենալով աջակցելու ԼՂ բռնի տեղահանված բնակչության ինտեգրմանը, ինչպես նաև Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացմանը:

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։