ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել որոշման նախագիծ, որի համաձայն, ըստ առաջադիմության՝ 70-77,000 դրամ կրթաթոշակ կտրամադրվի նաև ագրարային մասնագիտություններ սովորողներին։
Ըստ գործող որոշման՝ 70-77,000 դրամ կրթաթոշակ է տրամադրվում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով (ԲՏՃՄ ուղղությամբ մասնագիտական մանկավարժություն) սովորողներին։
Նշվում է, որ ներկայում անհրաժեշտություն է առաջացել վերանայելու և ընդլայնելու պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը՝ նրանում ներառելով ագրարային ուղղվածության կրթական ծրագրեր։
Նախագծի կարգավորումներն ուղղված են պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության համար գրավիչ պայմաններ ստեղծելուն՝ հաշվի առնելով այդ մասնագիտություններով ընդունելության ցուցանիշները, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով առաջարկվում է ցանկում ներառել հետևյալ մասնագիտությունները՝ անասնաբուժություն, ագրոնոմիկա, անտառային տնտեսություն, անասնաբուծություն, պարենամթերքի տեխնոլոգիա, ագրարային ճարտարագիտություն:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ցանկում ընդգրկված մասնագիտության համապատասխան կրթական ծրագրերով 2024-2025 ուսումնական տարում բուհ ընդունված ուսանողները կստանան որոշմամբ սահմանված կրթաթոշակը:
Նախատեսվում է, որ 2024-2025 ուսումնական տարում բակալավրի կրթական ծրագրով ագրարային ոլորտի նշված մասնագիտություններով կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կլինի 89, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ 136: Ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու համար, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ կլինի 15,750,000 դրամ։