AM
26 June 2024 - 10:18 AMT

ԱԽ քարտուղար. ՀՀ–ն զենք-զինամթերք է գնում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Հայաստանը զենք-զինամթերք է ձեռք բերում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։

Նա նշել է, որ տարածաշրջանի խաղաղության համար պատասխանատու են բոլորը, գրում է Արմենպրեսը։

«Մինչ այս պահը ձեռք բերված բոլոր զենքերն օգտագործվելու են միայն ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար։ Տարածաշրջանի խաղաղության համար պատասխանատու են բոլորը, առաջին հերթին՝ տարածաշրջանային երկրները, բայց նաև միջազգային գործընկերները կարող են աջակցել և շատ դեպքերում աջակցում են տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը»,-ասել է նա։

Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:

ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Ընթերցեք նաև․ Գրիգորյան․ Բաքուն դեռ չի արձագանքել հրադադարի խախտման համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկին