Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորությունները» ֆորումի ժամանակ, անդրադառնալով դիվերսիֆիկացմանը տնտեսության, անվտանգության ոլորտում, ասել է, որ Հայաստանը վերջին տարիներին ինտենսիվ աշխատում է իր դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ։
Խոսելով նոր ատոմակայանի կառուցման մասին՝ Գրիգորյանն ասել է, որ պրոցեսը մտել է առարկայական փուլ, հայտնում է «Ազատությունը»։
«Նոր ատոմակայանի կառուցումն առարկայական փուլ է մտել։ Մենք հիմա ԱՄՆ հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտի կարգավորումը, առանց որի մենք չենք կարող առաջ ընթանալ։ Այս պահին, կարող եմ ասել, որ գնդակը ԱՄՆ դաշտում է։ Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի ներհամակարգային պրոցեդուրաներն անցնեն, այնուհետև մենք սկսենք աշխատել, սրանք հարցեր են, որ երկարաժամկետ ենք լուծելու»,– ասել է նա։
Գրիգորյանը նշել է, որ մեկից կախվածությունը պետք է փոխարինել շատերից կախվածության, որ մեկը մոնոպոլիա չունենա՝ այս համատեքստում կարևորելով նաև Հայաստանում ժողովրդավարությունը, ժողովրդավարական ընտրությունները։
«Մենք խորը համոզմունք ունենք, որ ժողովրդավարությունը միանշանակ բարձրացնում է Հայաստանի դիմակայունությունը, և ժողովրդավարությունն այն հիմնական գործիքներից մեկն է, որով Հայաստանը կարողանում է դիմակայել իր սպառնալիքներին։ Շատ կարևոր է ժողովրդավարությունը նաև ներքին անվտանգության տեսանկյունից։ Մենք համոզմունք ունենք, որ ժողովրդավարությունն օգնում է ներքին անվտանգության, տնտեսության զարգացման, տնտեսության ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարում», – ասել է Գրիգորյանը։
Նա հավելել է, որ Հայաստանը որքան շատ գործընկեր ունենա իր բարեփոխումներին աջակցող, այնքան ավելի բարձր դիմակայունություն է ունենալու՝ կարևորելով նաև գործընկերության ամրապնդումը ԵՄ-ի և ԵՄ անդամ պետությունների հետ։
«Խաղաղությունը նոր հնարավորություն է բացում Հայաստանի համար, և մենք շարունակելու ենք աշխատել խաղաղության օրակարգի շուրջ», – հայտարարել է ԱԽ քարտուղարը։
Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման՝ ևս մի անգամ երկարաձգված ժամկետի լրանալուն 12 տարի է մնացել։ Հայաստանում այժմ քննարկում են, թե որ երկրի առաջարկած տեխնոլոգիայով ու ինչ հզորության նոր միջուկային էներգաբլոկ պետք է կառուցել։ Մայիսին հայտարարվել էր, որ ԱՄՆ–ի, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ բանակցություններ և քննարկումներ են ընթանում: