Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ հանդիպմանը ողջունել է կոնգրեսականների այցը ՀՀ և գոհունակություն հայտնել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացման բնույթից: Նա ընդգծել է վերջերս Երևանում անցկացված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի անցկացման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկ և այլ ուղղություններով կապերի ընդլայնումն ու խորացումը, և այդ առումով ընդգծել միջկառավարական ու միջխորհրդարանական ակտիվ երկխոսության անհրաժեշտությունը:
Վարչապետը նշել է, որ ԱՄՆ-ն արդյունավետ աջակցությունն է ցուցաբերում մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարության համար ժողովրդավարության զարգացումն ունի ռազմավարական նշանակություն:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ տեղի ունեցող քննարկումների, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ հուլիսի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: