AM
3 July 2024 - 14:24 AMT

ՆԳՆ․ Համացանցում փորձում են ոստիկանության անունից գումարներ շորթել

Համացանցում փորձում են ոստիկանության անունից գումարներ շորթել․ մասնավորապես, Facebook և Instagram սոցիալական կայքերում տարածվում է գովազդ, որով անհայտ անձինք ոստիկանության անունից ֆինանսական խարդախություններից տուժած անձանց առաջարկում են վերադարձնել կորցրած գումարները, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Մուտք գործելով իբր գումարի վերադարձման համար նախատեսված դիմումի էջ` քաղաքացիներից պահանջում են լրացնել անձնական տվյալներ՝ կորցրած գումարի չափը, փոխանցման տարբերակը (բանկային քարտով կամ կրիպտոարժույթով), անուն, ազգանուն, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար:

Որոշ ժամանակ անց օտար լեզվով խոսող անձինք զանգահարում են նշված հեռախոսահամարին և կորցրած ֆինանսական միջոցները վերադարձնելու համար, իբր օրենքով նախատեսված կարգով, պահանջում գումար:

Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց, իսկ նշված հանցագործությունների հետևանքով ֆինանսական կորուստներ ունենալու դեպքում դիմել ոստիկանություն: