AM
3 July 2024 - 14:28 AMT

Միրզոյան․ Ադրբեջանը նոր, երբեմն արհեստական խոչընդոտներ է ստեղծում պայմանագրի ստորագրումը երկարաձգելու համար

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարարի հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը նոր, արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության պայմանագրի ստորագրումը երկարաձգելու համար։

Նա նաև կարևորել է սահմանազատման գործընթացի շարունակականությունը, գրում է Aysor.am-ը։

«Հայաստանը շատ կառուցողաբար է տրամադրված, Հայաստանի առաջարկները թափանցիկ են։ Իրատեսական ենք համարում, որ մեկ ամսվա ընթացքում կարող ենք արագ, ինտենսիվ աշխատելով՝ ամբողջացնել խաղաղության պայմանագիրը և ստորագրել այդ շատ կարևոր փաստաթուղթը։ Չեմ կարող նշել, թե դրական արձագանք է ստացել այս առաջարկը, հակառակը, տեսնում ենք, որ նոր, երբեմն արհեստական խոչընդոտներ են ստեղծվում գործընթացը երկարաձգելու համար։ Բայց մենք շարունակում ենք հավատալ, որ իսկապես կա պատմական հնարավորություն՝ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար»,-ասել է Միրզոյանը։

Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական է մինչև նոյեմբեր։