AM
3 July 2024 - 14:36 AMT

Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով բանակում մահվան վերջին դեպքերին, նշել է, որ զինվորները շարունակում են կյանքից զրկվել խաղաղ պայմաններում՝ վերջին 18 օրում 3 զինվորի մահ է գրանցվել։

Նա նաև նշել է, որ պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար։

«ՊՆ-ն այսօր հաղորդել է հերթական զինծառայողի մահվան գույժը։ Պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանը 21 տարեկան էր, տան ավագ որդին, հայր չուներ։

3 զինվորի մահ 18 օրում։ Ոչ մի փոփոխություն բանակում, զինվորները շարունակում են կյանքից զրկվել խաղաղ պայմաններում։ Մոտ մեկ շաբաթ առաջ մահացած զինծառայող Դավիթ Ներսիսյանը, ըստ ՊՆ-ի հաղորդագրության, մահացել է 20 րոպեի ընթացքում։ Շարքում կանգնած ինքնազգացողությունը վատացել է և 20 րոպե հետո մահացել։

Խայտառակ հաղորդագրություն։ ՊՆ-ն սուրբ է և արդար, հատկապես Պապիկյանի օրերում։ Զոհվածների ընտանիքներին ստիպում են լռել զինկոմիսարիատների խիստ հսկողության ներքո, իսկ եթե մեկը ձայն հանի վարչապետի և Պնախարարի մակարդակով հրապարակային մեղադրանք, սպառնալիք է իջեցվում ընտանիքի հասցեին։ Հիշեք ձնարբուքից մահացած զինվորի դեպքը։ Դեռ զինվորին հողին չհանձնած ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ Ազգային ժողովի ամբիոնից։ Ոչ պատասխանատվություն, ոչ էլ սովորական մարդկային կարեկցանք։ Պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար»,–ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը: