AM
3 July 2024 - 14:45 AMT

ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր

Հուլիսի 3–ին մահացու հրազենային վիրավորումով պայմանագրային զինծառայողի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։

Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ Զինված ուժերում նման դեպքերի առկայությունն անթույլատրելի է և խիստ մտահոգիչ։ Նա հավելել է, որ Զինված ուժերում կյանքի իրավունքի պաշտպանության նպատակով պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ և բավարար քայլեր, իսկ զինծառայողների մահվան պարագայում՝ իրականացնել դրանց հանգեցրած հանգամանքները պարզելու նպատակով արդյունավետ քննություն։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է ցուցաբերել համակարգային մոտեցում՝ այդ առումով կարևորելով բանակում մահվան և ինքնավնասման դեպքերը կանխարգելելու միասնական հայեցակարգի (ծրագիր, քայլերի հերթականություն և այլն) մշակման և իրացման անհրաժեշտությունը:

Դեպքի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին:

2023 թվականի տարեկան հաղորդմամբ ևս Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն անդրադարձել է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին և ներկայացրել դրանց լուծմանն ուղղված մի շարք առաջարկներ։

Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը: