AM
4 July 2024 - 08:19 AMT

Օգոստոսի 1-ից վարժական հավաքներ կանցկացվեն

Օգոստոսի 1–ից հոկտեմբերի 25–ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Գործադիրը որոշում է ընդունել։

Ըստ հիմնավորման, վարժական հավաքների անցկացման նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը:

Վարժական հավաքների ապահովման, այդ թվում նաև՝ ձևավորված առաջնագծում ինժեներական աշխատանքների կատարման նպատակով, անհրաժեշտություն է առաջացել ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավել համապատասխան տեսակի և քանակի տրանսպորտային միջոցներ:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու, ինչպես նաև վարժական հավաքների ապահովման նպատակով ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու անհրաժեշտությամբ:

Վարժական հավաքների մասնակիցներից յուրաքանչյուրը ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով։