AM
4 July 2024 - 09:54 AMT

Ջրհեղեղից զոհվածների ընտանիքները 1 մլն դրամ աջակցություն կստանան

Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով տուժած ընտանիքները սոցիալական աջակցություն կստանան։ Զոհված անձանց ընտանիքներն աջակցություն կստանան 1 մլն դրամի չափով։ Գործադիրը հաստատել է փոխհատուցման կարգը։

Ալավերդի և Այրում բնակավայրերի տուժած ընտանիքի յուրաքանչյուր անդամին կհատկացվի 60,000 դրամ։

Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի, Իջևան, Դիլիջան համայնքների տուժած ընտանիքների յուրաքանչյուր անդամ կստանա 40,000 դրամ։

Ըստ նախնական հաշվարկների, միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի մոտ 250 ընտանիքի 854 անդամի, որոնց համար կպահանջվի առավելագույնը 47 մլն 960 հազար դրամ։

Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։