AM
4 July 2024 - 11:05 AMT

Փաշինյան. Ջրհեղեղը քանդել է տունը` տալիս ենք բնակարանի գնման վկայագիր

Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից բնակարան կամ տուն կորցրած անձինք փոխհատուցում կստանան՝ կտրվի բնակարանի գնման վկայագիր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, ասել է․ «Ջրհեղեղը քանդել է մարդու տունը, մենք տալիս ենք բնակարանի գնման վկայագիր»։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանել է, որ բնակարանի գնման վկայագրի արժեքը որոշվում է Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկությունների հիման վրա:

«Ալավերդիում կա 16 բնակարանից բաղկացած շենք, որի միայն 6-ն են գտնվել առաջին հարկում և ամբողջությամբ տուժել, բայց քանի որ շենքն ամբողջությամբ այն աստիճանի է վնասվել, որ պետք է քանդել, բնակարանի գնման վկայագիր կստանան նաև 2-րդ և 3-րդ հարկերի բնակիչները՝ ևս 10 բնակարանատեր։

Առանձնատների թիվը ճշտվում է. 2 նման առանձնատուն է հայտնի՝ Հաղարծինում ու Ձորագետում»,- ասել է նա:

Փաշինյանը հավելել է, որ մնացած դեպքերում մարդկանց հատկացվում է տան վերանորոգման գումարը։

Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորուստ է համարվում արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած ֆիզիկական անձի բնակության վայրի՝ բնակարանի, տան, կեցավայրի՝ աղետի հետևանքով ոչնչացումը, փլուզումը կամ վթարային՝ քանդման ենթակա (4-րդ կամ 5-րդ աստիճանի վնասվածության) դառնալու փաստը։

Այն անձինք, ովքեր կրել են վերոնշյալ վնասները և դրանք համապատասխան կայքով գնահատված են և գույքագրված աղետների հետևանքով պատճառված վնասների գնահատման հանրապետական հանձնաժողովի կողմից փոխհատուցում ստանալու համար կարող են էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։