AM
4 July 2024 - 14:46 AMT

«Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը

Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից` Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը։ Այդ մասին «Ազատությանը» փոխանցել են Եվրամիության դիվանագիտական աղբյուրները։

Ըստ աղբյուրների, «Միության անդամ բոլոր երկրներն այլևս պատրաստ են կանաչ լույս վառել, և ակնկալվում է, որ նախագիծը նախ կհաստատվի հուլիսի17-ին՝ անդամ երկրների դեսպանների, ապա հուլիսի 22-ին՝ արտգործնախարարների նիստում»։

Ավելի վաղ՝ ապրիլին, Հունգարիան վետո էր դրել նախագծի վրա, պահանջելով, որ Ադրբեջանը ևս օգնություն ստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից։ Ըստ «Ազատության» աղբյուրների, Բուդապեշտի այդ առաջարկը չի ընդունվել, սակայն փակուղուց դուրս գալու համար ընտրվել է փոխզիջումային տարբերակ՝ Բաքվին գումար կտրամադրվի ոչ թե այս հիմնադրամից, այլ՝ առանձին՝ ականազերծման աշխատանքների համար։

Հունիսի 26–ին հայտնի դարձավ, որ ԵՄ–ն լրացուցիչ 10 մլն եվրո կհատկացնի Ադրբեջանին ականազերծման համար։ Ըստ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության, այս նախաձեռնությունը ԵՄ գործունեության մի մասն է, որն ուղղված է Ադրբեջանում հումանիտար ականազերծմանը:

Եվրամիության Խաղաղության հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ աշխարհում հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար: Հայաստանի դեպքում, ըստ «Ազատության» աղբյուրների, այս հիմնադրամից տրամադրվելիք 10 միլիոն եվրոյով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։

Անցած տարիներին ԵՄ Խաղաղության հիմնադրամից օգնություն են ստացել անդամակցության ձգտող Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, ինչպես նաև մոտ մեկ տասնյակ աֆրիկյան երկրներ։